Գլխավոր Ավելին

Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը՝ լուրջ մարտահրավեր. նախքան բուժումը մանրէաբանական հետազոտությունը պարտադիր է

Նոյեմբերի 18-ը Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրն է: Ինչպես աշխարհի պետությունների, այնպես էլ մեր երկրի առողջապահական համակարգի համար Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը կարևոր խնդիր է:

Առողջապահության ոլորտի մասնագետներն ահազանգում են, որ ամբողջ աշխարհում այն հասնում է վտանգավոր բարձր մակարդակների՝ թուլացնելով մեր կարողությունները՝ պայքարելու վարակիչ հիվանդությունների դեմ, և խափանելով առողջապահության ու բժշկության բնականոն առաջընթացը:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-համաճարակաբան, ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Կարինե Պողոսյանը նշում է, որ հակամանրէային դեղերի հանդեպ մանրէների կայունությունը, որը հայտնի է նաև «դեղակայունություն» անվամբ, առաջանում է այդ դեղերի երկար ժամանակ սխալ, անհարկի օգտագործման պատճառով:

Բակտերիաները, վիրուսները, սնկերն ու այլ մակաբույծներ փոփոխվում են` կորցնելով իրենց զգայունությունը այնպես, որ դրանցով հարուցված վարակները բուժելու համար դառնում են անարդյունավետ: Սրանք չեն կարողանում ազդել վարակը հարուցող միկրոօրգանիզմների վրա, քանի որ վերջիններս փոփոխվելով, դադարում են այդ դեղերի համար թիրախ լինելուց: Ավելին, երբեմն փոփոխված մանրէներն իրենց աճի համար ունենում են այդ հակաբիոտիկների առկայության կարիքը:

Բացի այդ, յուրաքանչյուր հակաբիոտիկ ազդում է որոշակի տեսակի միկրոօրգանիզմների վրա, այլ կերպ ասած` ունի իր ազդեցության որոշակի սպեկտորը: Այդ պատճառով, նախքան հակաբիոտիկներով բուժում սկսելը, բժիշկը հիվանդին նշանակում է մանրէաբանական հետազոտություն, որի արդյունքում որոշվում է դեղորայքի զգայունությունը հիվանդության պատճառ դարձած միկրոօրգանիզմի նկատմամբ: Հակաբիոտիկների ազդեցության սպեկտորը ժամանակի ընթացքում փոփոխվում է, ուստի անհատական մոտեցում է պահանջվում:

 Ներկայում բակտերիալ վարակների բուժման համար հակամանրէային դեղերի կիրառումը լայնորեն տարածված երևույթ է: Սակայն պետք է հաշվի առնել, որ հակամանրէային դեղերի ոչ ճիշտ կիրառումը առաջացնում է հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունության զարգացում: Սա բնական և անխուսափելի պրոցես է, սակայն հանգեցնում է հակամանրէային դեղերի ազդեցության արդյունավետության նվազման: Այսպիսով զարգանում են դեղակայուն ձևերով վարակիչ հիվանդություններ, որոնց հետևանքները կանխատեսելի են` հիվանդացության աճ, հիվանդությունների երկարաձգված ընթացք, բարդությունների ավելի մեծ վտանգ և մահացության բարձր մակարդակ: Ամբողջ աշխարհում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը լուրջ հիմնախնդիր է հանրային առողջապահության պատասխանատուների համար:

Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին պետք է տեղեկացված լինեն ոչ միայն քաղաքացիները, հիվանդները, այլև առաջին հերթին բժիշկներն ու դեղագետները: Հակամանրէային կայունության առաջացմանը և տարածմանը նպաստող հիմնական գործոններից են`
բժշկական կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման, վարակի հսկողության գործընթացի ոչ լիարժեք իրականացումը,
հակամանրէային դեղերի ոչ նպատակային, սխալ դեղաչափերով և տևողությամբ նշանակումը և կիրառումը,
ցածր իրազեկվածության պայմաններում բնակչության շրջանում ինքնաբուժման նպատակով հակամանրէային դեղերի կիրառումը`
բուժման ընթացքի խախտումը և ընդհատումը, ! hակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառումը գյուղատնտեսության ոլորտում:

×
facebook sharing button facebook